Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Երեք ժամ Պուտինի հետ Վալդայում

Երեք ժամ Պուտինի հետ Վալդայում
30.10.2016 | 13:00

ՈՒղիղ 36 տարի առաջ ես հնարավորություն ունեցա լսելու ելույթը մի մարդու, որ ղեկավարում էր Սովետական Միության տնտեսական պլանավորումը: Նրա երկարատև ելույթից հիշվեց, որ, չնայած ապագայի լավատեսական կանխատեսումներին, նա տարբեր ձևերով խոսում էր տնտեսական դժվարությունների գոյության մասին: Այն ժամանակ քննարկվում էր հավանականությունը, որ Աֆղանստանի հյուծիչ պատերազմի մեջ մտած ԽՍՀՄ-ը, Լեհաստանում «Համերաշխություն» արհիմիության գործողությունների պատճառով կմիջամտի այդ երկրի ներքին գործերին: Երկրի տնտեսության պլանավորման համար պատասխանատու պաշտոնյան ասում էր, որ երկիրը զբաղված է տնտեսական հարցերով ու հարևան պետությունների գործերին խառնվելու նպատակ չունի: Այն ժամանակ Ռոնալդ Ռեյգանը դեռ ԱՄՆ նախագահ չէր դարձել և սառը պատերազմի երկրորդ ու խիստ փուլը չէր սկսվել: Մինչև նավթի գնանկումը, որ դարձավ ԽՍՀՄ-ի փլուզումն արագացնող գործոններից մեկը, դեռ վեց տարի կար:

Իսկ անցյալ ինձ տարան Ռուսաստանի վիճակի մասին համանման կանխատեսումները՝ ՌԴ նախագահի մերձավոր զինակիցներից մեկի խոսքում, որ ելույթ էր ունենում ապագայի ձևավորմանը նվիրված Վալդայի կոնֆերանսում: Այդ քաղաքական գործիչը, որ չափազանց մեծ տպավորություն թողեց ինձ վրա, թվարկում էր, թե ինչ պետք է անել տնտեսության մեջ և քանիցս ընդգծում էր, որ անհրաժեշտ է հաղթահարել կախումը նավթից ու գազից: Նա ասում էր, որ ներկա օրակարգը պահանջում է խաղաղ արտաքին քաղաքականություն ու ավելի մեծ ակտիվություն միջազգային կազմակերպություններում: Շեշտադրումը, որ Ռուսաստանը չպետք է բաց թողնի նոր արդյունաբերական հեղափոխությունը, նաև Պուտինի հիմնական ազդանշաններից էր, որ եկավ ու մասնակցեց քննարկմանը՝ Ավստրիայի, Ֆինլանդիայի ու ՀԱՀ-ի նախկին նախագահների հետ: Ներածական ելույթներից հետո անցած երկու ժամում բոլոր հարցերը միանգամայն կանխատեսելիորեն հասցեագրվում էին նրան, ոչ թե քննարկման մյուս մասնակիցներին: Պուտինն իրեն ուղղված, հաճախ բավականին «կծող» հարցերին պատասխանում էր հանդարտ, հիմնավոր, անխնա քննադատելով ԱՄՆ-ին ու արդարացնելով ՌԴ-ին: ԱՄՆ-ի մասնակցին, որ ներկայացնում էր Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, և հարցրեց միջին հեռահարության հրթիռների մասին, ՌԴ նախագահը կատակով հարցրեց՝ իսկ ինքը լրտես չէ՞, և հավելեց` «Վատ գործ չէ»:

Իր խոսքը ՌԴ նախագահը սկսեց «Ագրեսիվությունը իմ ոճը չէ, բայց պետք է ազնիվ լինել» բառերով: Նրա ներածական խոսքը ԱՄՆ քաղաքականության վերջին 25 տարիների անխնա քննադատություն էր: Նա կտրականապես հերքեց, որ Ռուսաստանը խառնվում է ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ ջարդելով էլեկտրոնային փոստի ակաունտները, և փորձում է ազդել նախընտրական պայքարի ընթացքի վրա: Նա ուզում էր հասկացնել՝ ԱՄՆ-ը, որ սառը պատերազմի ավարտից հետո իր ձեռքն է վերցրել կառավարումը, չարաշահել է իր դիրքը և արհամարհել միջազգային համակարգի նորմերը:


Պուտինի կարծիքով՝ համաշխարհային տնտեսությունը ծանր ճգնաժամի մեջ ներքաշեցին էլիտաները, որ չէին ցանկանում գլոբալացման իրավահավասար ընթացք և գործում էին ժողովրդական զանգվածների շահերին հակառակ: Էլիտաների ագահությունը հանգեցրեց միջին խավերի անհետացման և եկամուտների անհավասարության մեծացման: Դա է ճգնաժամի գլխավոր պատճառը: Չնայած Ռուսաստանը տեսնում էր սխալները, այդ փուլում բավականաչափ ուժ չուներ, որ կանխեր՝ ընդունեց Պուտինը: Իսկ այսօր Ռուսաստանը այդ հարցերը բերում է օրակարգ: ԱՄՆ-ը արհամարհեց ընդունված նորմերը, երբ առանց ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ռմբակոծեց Եվրոպայի կենտրոնում գտնվող Բելգրադը կամ նույն կերպ միջամտեց Լիբիայի գործերին: Սիրիայում էլ, փաստացի, նույնը կատարվեց: Ռուսաստանը Սիրիայում կռվում է այդ երկրի օրինական իշխանության խնդրանքով, որ պաշտպանի վարչակարգը ահաբեկիչներից: Ո՞րն է ԱՄՆ-ի ծրագիրը: Հայտնի չէ: Պուտինի տեսակետից՝ ինքնիշխանությունը միջազգային համակարգի կարևորագույն արժեք է:

Նոր շրջանի արևմտյան միլիտարիզմը հաճույք է ստանում Ռուսաստանին «քաղաքակրթության վրա հարձակվող նոր բարբարոս» անվանելով, բայց Ռուսաստանը որևէ մեկի վրա հարձակվելու նպատակ չունի: Արդյունքում Պուտինը Ռուսաստանը ներկայացրեց իբրև միջազգային համակարգի նորմերի պահապան և ընդգծեց, որ իր ղեկավարությամբ ռուս ժողովուրդը նորից դարձավ հասարակություն, ազգային միասնություն ու աշխարհում ավելի մեծ հարգանք ձեռքբերեց: Վերջին հարցին պատասխանելիս Պուտինը հասկացրեց, որ ԱՄՆ-ի նոր նախագահի հետ ամեն ինչ կցանկանար գլոբալ մակարդակով սկսել նոր էջից:
Սոլի ՕԶԵԼ, Habertürk


Հ.Գ. Ռուսական լրատվամիջոցներն արդեն մի քանի օր է՝ քննարկում են Վալդայում ՌԴ նախագահի խոսքը և ընդհանրապես ամբողջ կոնֆերանսը: Ավանդաբար՝ Վալդայում ՌԴ նախագահը ներկայացնում է այն քաղաքականությունը, որ վարելու է Ռուսաստանը հաջորդ տարի: Այդ առումով՝ փաստորեն ոչինչ չի փոխվելու: Բացի ԱՄՆ նախագահից: Բայց ԱՄՆ-ը այն պետությունն է, որ նախագահները Սպիտակ տանը փոխվում են, իսկ քաղաքականությունը մնում է նույնը: ՈՒ եթե Ռուսաստանը շարունակի մնալ «միջազգային նորմերի պահապան», աշխարհին դժվար օրեր են սպասում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ